«ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն 2010թ. արդյունքներով միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանացավ մրցանակի Citibank-ի կողմից, հաղորդում է հայկական բանկի մամլո ծառայությունը:
Մամլո հաղորդագրության համաձայն, «ԱԿԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկն» արդեն երկրորդ անգամ է միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար արժանանում «Որակի գերազանցություն» (Quality Recognition Award 2010) մրցանակին միջազգային ֆինանսական կառույցների կողմից:
Յուրաքանչյուր տարի Citibank-ն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` միջազգային փոխանցումների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար: Ունենալով թղթակից բանկերի լայն ցանց և վարելով ճկուն սակագնային քաղաքականություն` Բանկն իր հաճախորդների համար մրցունակ պայմաններ է առաջարկում SWIFT համակարգով փոխանցումների իրականացման համար:
2010 թվականի միջազգային փոխանցումների քանակը 35 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արդյունքը: