2 հունիսի 2011 - 16:32 AMT
Փորձագետ. Սիրիայի հայ համայնքին ձեռնտու է Բաշար Ասադի իշխանության պահպանումը

Սիրիայի հայ համայնքին ձեռնտու է, որպեսզի երկրի գործող նախագահ Բաշար Ասադը մնա իշխանության ղեկին: Այդ մասին Երևանում հայտարարել է «Նորավանք» գիտահետազոտական հիմնադրամի փորձագետ Արաքս Փաշայանը: Նրա խոսքերով, Սիրիայի հայերը ներկա կառավարությունը համարում են իրենց համար ամենալավը:

«Հայերն աջակցություն են հայտնել գործող նախագահ Ասադին, որը հիմնավորված որոշում է: Նրանք այլընտրանք չունեն: Գործող իշխանության մեջ Սիրիայի հայերը տեսնում են իրենց անվտանգության երաշխիքները»,- ասել է փորձագետը և հավելել, որ չնայած Սիրիայում հակակառավարական ակցիաներին, հայ համայնքին այսօր ոչինչ չի սպառնում:

Չնայած դրան` փորձագետը չի բացառել, որ Սիրիայում անկայունությունը կարող է հանգեցնել սիրիահայերի արտագաղթին, որոնք կարող են տեղափոխվել հարևան Լիբանան կամ մեկնել ԱՄՆ և Կանադա: Փորձագետի խոսքերով, դա վնաս կհասցնի Մերձավոր Արևելքի երկրների հայ համայնքների առանց այդ էլ թուլացած դիրքերին: