2 հունիսի 2011 - 22:13 AMT
Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընտրվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ

Հունիսի 1-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցավ «ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցչական հաշվետու վերընտրական ժողովը:

Ասոցիացիայի գործունեության հաշվետվության վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ասոցիացիայի փոխնախագահ, ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ով նշեց, որ կազմակերպության անդամների թիվը 2001թ. 220-ից աճելով ներկայումս անցել է 2800-ի սահմանը, և մանրամասն ներկայացրեց վերջին տարիներին ասոցիացիայի ինչպես հաջողությունները, այնպես էլ դեռևս չլուծված հարցերը և մոտակա անելիքները:

Հաշվետվության ընդունմանը հաջորդեցին ասոցիացիայի նախագահի, փոխնախագահի, կառավարման խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները:

Ներկայացուցչական ժողովը միաձայն ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ ընտրեց Սինոփսիս Արմենիա ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանին: Փոխնախագահ վերընտրվեց ՀՊՃՀ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, հաղորդում է ՀՊՃՀ հասարակության հետ կապերի և տեղեկատվության բաժինը: