«Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, հավելելով, որ իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները և փորձում դրանք վերագրել հայկական կողմին:
«Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել, թե որն է հայկական կողմի շահը` հակամարտության գոտում իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու համար: Կարծում եմ` Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին»,- նշել է ՊՆ ղեկավարի մամուլի քարտուղարը:
Օրերս ադրբեջանական մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակիչ է սպանել Ադրբեջանի հետ սահմանին: