
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «28+Հայաստան» ձևաչափով ՆԱՏՕ-ի քաղաքական և գործընկերության կոմիտեի նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի գնահատման 2011թ. զեկույցը, ինչպես նաև ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի նորացված նախագծում ՀՀ պաշտպանության ոլորտին առնչվող նպատակները և ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները: ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները ողջունել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման ավարտը և պատրաստակամություն հայտնել աջակցելու վերանայման արդյունքում ձևավորված պաշտպանական բարեփոխումների ուղենիշների իրականացմանը:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները բարձր են գնահատել նաև Աֆղանստանում ՀՀ զորախմբի եռապատկումը, Կոսովոյում խաղաղապահ առաքելության շարունակումը և ՀՀ-ՆԱՏՕ պլանավորման և վերանայման գործընթացի գործընկերության նպատակների իրականացման գործում գրանցված առաջընթացը: Նիստի ավարտին ՀՀ պատվիրակությունն իր գոհունակությունն է հայտնել նիստի արդյունքների վերաբերյալ և մասնակից երկրներին շնորհակալություն հայտնել ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության ոլորտների զարգացման ջանքերին աջակցելու պատրաստակամության համար: