
Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում մասնակցել է Բուժաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Նախագահը պետական պարգևներ է հանձնել ոլորտի մի խումբ աշխատողների ու վետերանների և հանդես եկել ելույթով:
Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, իր խոսքում նախագահը կարևորել է բուժաշխատողների ավանդը Արցախի ժողովրդի առողջության պահպանման և բնակչության բուժօգնության ապահովման գործում:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ առողջ հասարակություն ունենալը պետության առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է, և այս ուղղությամբ արվում է հնարավորը քաղաքացիներին որակյալ բուժսպասարկում մատուցելու, հանրապետությունում նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած հիվանդանոցներ և բժշկական հաստատություններ կառուցելու նպատակով: