Երեկ երեկոյան բացվել է Ռիկոտի լեռնանցքով անցնող մայրուղին, որի միջոցով իրականացվում են ավտոփոխադրումները դեպի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտից: Աղբյուրի համաձայն, ճանապարհը հասանելի է երկու կողմերի փոխադրումների համար, իսկ բեռներն արդեն անարգել տեղափոխվում են լեռնանցքով:
Ճանապարհի վերականգնմանը, որը հեղեղների և սողանքների պատճառով հիմնովին վնասվել էր 25 հատվածներում, մասնակցել են վրացական 8 շինարարական և այլ ընկերություններ, ավելի քան 500 աշխատող և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագետներ:
Ճանապարհը վնասվել էր հունիսի 19-ին` հեղեղների և սողանքների պատճառով, որոնք 6 մարդկային կյանք խլեցին: Աղետի հետևանքները վերացնելու համար տեղի իշխանությունները ծախսել են շուրջ 19 միլիոն լարի: Վրացական կողմի շտապողականությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ զբոսաշրջային սեզոնը սկսվել է, իսկ փակ ճանապարհը խոչընդոտում էր զբոսաշրջիկների հոսքին: