«Մենք ցանկանում ենք նորամուծություններ կատարել սոցիալական ցանցերի դաշտում։ Այդ նպատակով բարեփոխում ենք Google-ը՝ ներառելով օգտագործողներին, նրանց հետաքրքրությունները և հարաբերությունները», - գրել է Google-ն իր պաշտոնական բլոգում՝ հայտարարելով նոր սոցիալական ցանցի՝ Google+ ստեղծման մասին։
Google+-ն ունի կիսելու (sharing) ամբողջապես նոր ֆունկցիաներ։ Դրանք են՝ +Circles-ը, +Sparks-ը, +Hangouts-ը և +Mobile-ը։
+Circles-ը օգտագործողների գործունեությունը կոնկրետ, ընտրված մարդկանց հետ կիսելու ֆունկցիա է։ «Մեր կյանքում որոշ բաներ կիսում ենք ընտանիքի, որոշ բաներ ընկերների, իսկ որոշ բաներ գործընկերների հետ ։ +Circles-ը ապահովում է այս հնարավորությունը»,-գրում է բլոգը։
Մյուս ֆունկցիան կոչվում է +Sparks։ Այն իրենից ներկայացնում է կիսելու (sharing) օնլայն համակարգ։ Այստեղ օգտագործողները կարող են արդյունավետ որոնում կատարել, և գտնել կոնկրետ ոլորտների մասին նյութեր Google+ ցանցում։ Հաջորդ ֆունկիցան +Hangouts-ը տեսաչաթի հնարավորություն է տալիս։
Իսկ +Mobile-ը ներառում է +Location, +Huddle, +Instant Upload ֆունկցիաները։ Այն խաղում է գեոլոկացիոն ցանցի դեր։ Օգտագործողները կարող են ավելացնել իրենց տեղանքները, կիսել նկարները և կառուցել իրենց օրակարգը։
+Mobile-ը հասանելի է Android Market-ում։
Google գրում է, որ այժմ փորձարկում է Google+-ը և ցանցին միանալու հրավերներ շուտով կստանան Google account ունեցող բոլոր օգտագործողները։