29 հունիսի 2011 - 16:53 AMT
Պաշտոնական Թբիլիսին հայտարարում է Երևանի հետ «աննախադեպ լավ» հարաբերությունների մասին

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ: Ինչպես հայտնում է Civil Georgia-ն, հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների ինտենսիվ զարգացումը:

«Մենք պայմանավորվել ենք երկկողմանի հանդիպումներ կազմակերպել տարին 3-4 անգամ»,-հայտարարել է Վաշաձեն ճեպազրույցում բանակցություններից հետո: Նրա խոսքով, նախկինում երբեք երկու երկրների հարաբերություններն այս մակարդակում չեն եղել և այս գործում մեծ է Հայաստանի և Վրաստանի նախագահների ավանդը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկկողմանի հարաբերություններում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: «Չկա այնպիսի խնդիր, որը հնարավոր չլինի լուծել երկխոսության ու բանակցությունների միջոցով»,-մեջբերում է Էդվարդ Նալբանդյանի խոսքերը Civil Georgia-ն: