1 հուլիսի 2011 - 16:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնում ներկայացվելու են հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերը

«Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայ-թուրքական կինոպլատֆորմի բոլոր 5 ֆիլմերը: Այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները կայացել են ս.թ. ապրիլի 12-ին` Ստամբուլի 30-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Դրանք էին Դիանա Կարդումյանի «Գալաթա»-ն, Կանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն»-ը, Գյուլենգյուլ Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ»-ը, Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետ»-ը և Գոռ Բաղդասարյանի «Հարևաններ»-ը:

Ալթինթասի «Մի կորչեք, երեխաներ» ֆիլմը պատմում է Տուզլայի մանկատան մասին, որտեղ մեծացել է Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

2010 թ-ին Հայ-թուրքական կինոպլատֆորմը տրամադրել է համատեղ արտադրության դրամաշնորհներ Հայաստանի և Թուրքիայի կինոգործիչների կողմից նկարահանված ութ կարճամետրաժ ֆիլմերի համար, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Եվրոպական համագործակցության հիմնադրամի համատեղ ուժերով:

«Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը:

ՖՈՏՈՇԱՐՔ