8 հուլիսի 2011 - 21:56 AMT
Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ

ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի խորհրդարանական Ժոաո Սոարեշն առաջիկայում կնշանակվի Հարավային Կովկասի հարցով ԵԱՀԿ ԽՎ նախագահի հատուկ ներկայացուցիչ, այս մասին հայտնել է Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

«Այսօր ԵԱՀԿ ԽՎ նախագահ, հույն Պետրոս Էֆթիմիուն Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակներին հրավիրել է մի հանդիպման, որի ընթացքում երկու պատվիրակությունների հետ համաձայնեցրել է ԵԱՀԿ ԽՎ նախագահի անձնական ներկայացուցչի Հվ. Կովկասի հարցերով զեկուցողի թեկնածությունը: Ինչպես հայտնի է պրն. Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո այս պաշտոնը մնում էր թափուր: Այժմ պրն. Էֆթիմիուն որոշել է այս պաշտոնին առաջադրել ԵԱՀԿ ԽՎ պատվո նախագահ, պորտուգալացի Ժոաո Սուարեշի թեկնածությունը, ում լավ են ճանաչում և’ Հայաստանում, և’ Ադրբեջանում: Առաջիկայում ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում կհայտարարվի այդ նշանակման մասին»,- լրագրողներին հայտնել է հայկական պատվիրակության ղեկավար Ա. Սաֆարյանը: