Ամերիկայի հայկական խորհուրդը (ACA) բաց նամակ է ուղղել ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին` կապված Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հուլիսի 13-ին Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ լսումների հետ: Ինչպես հաղորդում է ACA մամլո ծառայությունը, նամակում խորհուրդն անհանգստություն է հայտնում Հեֆերնի և նախկին կոնգրեսական Դագ Բերուոթերի հարաբերությունների առիթով, որը հայտնի է Կոնգրեսում թուրքամետ և հակահայկական գործունեությամբ:
ACA-ն խնդրել է հանձնաժողովին ավելի ուշադիր լինել Հեֆերնի վերաբերյալ գնահատականում: ACA-ն նաև պնդում է, որպեսզի Ջոն Հեֆերնը ներկայացնի իր կարծիքն այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԱՄՆ հայերի համար` ղարաբաղյան հակամարտության կարգավորում և Հայոց ցեղասպանության ճանաչում:
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովն այսօր լսումներ է անցկացնելու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության վերաբերյալ:
1990-ականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգա Բերուոթերի հետ, որը հայտնի է Կոնգրեսում իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ:
Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն ավարտել է իր առաքելությունն այս տարվա հունիսին: Հեֆերնը ներկա պահին ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը: