16 հուլիսի 2011 - 15:14 AMT
Twitter-ը հրապարակել է իր վիճակագրությունը՝ հակադարձելով Google+-ին

Twitter-ը տոնում է իր 5-ամյակը և այդ առիթով հրապարակել է որոշ տպավորիչ վիճակագրական տվյալներ։ Այս մասին հաղորդում է IDG News Service-ը։

Գործարկման առաջին օրը Twitter-ում արվել է 224 գրառում։ Այժմ օրական մոտ 600 000 օգտագործող է գրանցվում միկրոբլոգում և 350 միլիարդ գրառում է կատարվում։ Այս մասին հայտարարել է Twitter-ն իր պաշտոնական Twitter էջում։

Անցյալ շաբաթ Twitter-ը հայտնել էր նաև, որ աշխարհում կա 750 000 ծրագրավորողների կողմից ստեղծված 1 միլիոն Twitter ծրագիր։

Այս վիճակագրական տվյալները Twitter-ը հայտնում է, հավանաբար հակադրվելու համար Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջի հայտարարած Google+ սոցցանցի վիճակագրությանը։ Լարի Փեյջը հայտնել էր, որ Google+-ն ունի 10 միլիոն օգտագործող, ովքեր օրական 1 միլիարդ գրառում են կատարում։