18 հուլիսի 2011 - 15:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հինգերորդ համահայկական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 2214 մարզիկ 86 քաղաքից

Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ օգոստոսի 13-21-ը կայանալիք հինգերորդ համահայկական խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 2214 մարզիկ 86 քաղաքից:

«Հուսով ենք, որ մինչ մեկնարկը մասնակիցների թիվը կհասնի 3000, իսկ քաղաքներինը՝ 100: Այժմ շատ կան դեռևս չհաստատված հայտեր: Ամենամեծ պատվիրակությունները կունենան ԱՄՆ-ն, Վրաստանը, Իրանը, Թուրքիան, Արգենտինան: Դեռևս անբավարար է ռուսաստանցիների մասնակցությունը, ընդամենը 103 հայտ»,-ասել է Զաքարյանը:

Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման համար ստեղծվել է 14 կոմիտե, որոնք անում են հնարավորը, որպեսզի խաղերն անցնեն բարձր մակարդակով: Պետբյուջեից հատկացվել է 80 մլն դրամ, որոնք, ըստ Զաքարյանի, նրանք դեռ չեն ստացել, հիմնական ծախսերն ապահովում են բարեգործները:

«Ստանձնելով պաշտոնը՝ որոշեցի չեղյալ հայտարարել մասնակցության վարձը, որը կազմում է 5000 դրամ: Մեզ համար ամենակարևորն այն է, որ մեր հայրենակիցները այցելեն հայրենիք, ծանոթանան երկրին ու մշակույթին»,-նշել է Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահը:

Մասնակիցները նաև չեն վճարի մուտքի արտոնագրերի համար:

ՖՈՏՈՇԱՐՔ