19 հուլիսի 2011 - 13:36 AMT
Գնացքով Բաթում մեկնողների քանակը կրկնապատկվել է

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության տվյալներով, հունիսի 6-ից մինչև հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածում վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 11725 տոմս: Դա 95% գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 6023 տոմս:

Հուլիսի 15-ի դրությամբ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել են 5947 ուղևոր, ինչը 41% գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ փոխադրվել է 4213 ուղևոր, հայտնում է ընկեության մամլո ծառայությունը: Երևան-Բաթումի-Երևան ամենօրյա ֆիրմային գնացքը գործում է հունիսի 15-ից: Գնացքի ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից հասնում են Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան՝ 16 ժամ 55 րոպեում: Ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ:

Նախատեսվում է, որ շուտով սկսելու է գործել և Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը, որը նշանակվելու է երեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս տարի գնացքի տոմսերը վաճառվում են միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից: