19 հուլիսի 2011 - 13:38 AMT
ՈՒԵՖԱ-ն որոշել է մրցանակ շնորհել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նախաձեռնությամբ, Եվրոպայի ֆուտբոլային միությունը Եվրոպական մարզական հրատարակությունների ասոցիացիայի (ESM) հետ համատեղ որոշում է կայացրել մրցանակ սահմանել ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար:

2010-11թթ. խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստին մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 25-ին Մոնակոյում:

Պարգևը կհանձնվի այն խաղացողին, որն, անկախ ազգությունից, նախորդ խաղաշրջանն անցկացրել է ՈՒԵՖԱ-ի ակումբներից մեկում:

Ժյուրին բաղկացած կլինի 53 հայտնի մարզական մեկնաբաններից, յուրաքանչյուրը կներկայացնի ՈՒԵՖԱ-ի ասոցիացիաներից մեկը: Լրագրողը սկզբում կանվանի երեք լավագույնին: Առավելագույն միավորներ վաստակած երեք ֆուտբոլիստները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ լրագրողները կընտրեն հաղթողին այդ եռյակից:

Հուլիսի 25-ին ՈՒԵՖԱ-ի կայքում կհրապարակվեն Եվրոպայի լավագույն խաղացողի երեք հավակնորդների անունները: