Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի աշակերտներին կտրամադրվի 1000 բրալյան տետր, ինչի շնորհիվ կբարելավվի կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացը` ապահովելով նրանց բրալյան տետրերի որոշ քանակությամբ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ «Բրալյան տետրերի պատրաստում» ծրագիրը կիրականացնի «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամը` ՀԵՀ-ի ֆինանսավորմամբ:
«Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։
«Բրայլը» ունիվերսալ կետային գրելու համակարգ է կույրերի համար: Այն հնարավորություն է տալիս կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին ստանալ կրթություն և օգտվել հոգևոր մշակույթի բոլոր արժեքներից: