4 օգոստոսի 2011 - 16:00 AMT
Երևանում օրական սպառվում է 1,5 տոննա անհայտ ծագման հաց

Երևանում օրական սպառվող հացի 30 տոկոսի ծագումն անհայտ է: Այսօր լրագրողների հետ կայացած բացօթյա հանդիպմանն (ասուլիսների սրահի դուռը փակ էր պահակի բացակայության պատճառով) այս մասին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի Մոնիթորինգի և Մարկետինգի բաժնի պետ Ֆրունզե Հայթյանը: Նա նշեց, որ միջին հաշվարկով օրական մայրաքաղաքում սպառվում է 4-5 տոննա հաց, որի 1,5 տոննայի ծագումը, փաստորեն, անհայտ է:

«Վատ ու լավ տվյալներ շատ ունենք, բայց այսօր չենք կարող ու թույլ չենք տա հրապարակել արտադրողների անունները, քանի որ մոնիթորինգը տարվա կտրվածքով դեռ ամփոփված չէ»,- ասաց Հայթյանը` խոստանալով տարվա վերջում անուն առ անուն ներկայացնել մոնիթորինգի արդյունքները:

Ասոցիացիայի ու ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը նշեց, որ կան պետական կառույցներ, որոնք պատասխանատու են հաց-հացամթերքի արտադրության ու որակի համար, սակայն տվյալ շուկան դեռևս վստահելի չէ. «Հարցը նրանում է, թե արդյոք այսօր մենք` սպառողներս, ստանում ենք անվտանգ և պիտնի հաց, մենք խաբված ենք, թե` ոչ: Մենք ունենք հաց-հացամթերքի անվստահելի շուկա: Հացը տեղափոխվում է մեծամասամբ հացամթերքի տեղափոխման համար չնախատեսված մեքենաներով ու արկղերով: Խանութներում գոյություն չունի գին, բաղադրություն, անվտանգության հավաստագիր»:

Մելիտա Հակոբյանը նշեց մեր հասարակության մեջ սպառողական գիտելիքի պակասի մասին` շեշտելով, որ յուրաքանչյուր գնորդ ինքը պետք է հետամուտ լինի, որ իրեն տրամադրեն ապրանքատեսակի մասին տեղեկատվություն, կցեն բաղադրությունն ու հավաստագիրը: Փորձագետները խորհուրդ են տալիս հաց գնել միայն այն դեպքում, եթե հայտնի է արտադրողը: