4 օգոստոսի 2011 - 16:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Իշխանությունն ու ընդդիմությունը որոշել են հանդիպել շաբաթական 2 անգամ, թեև ՀԱԿ-ն առաջարկում էր ամեն օր

Իշխանության և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների միջև երկխոսության շրջանակում աշխատանքային խմբերի այսօրվա հանդիպմանը հիմնականում քննարկվել են առաջիկա բանակցությունների ընթացակարգային հարցերը: Այդ մասին հանդիպման ավարտից հետո լրագրողներին է հաղորդել կոալիցիոն խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, որոշվել է հանդիպել շաբաթական երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ օրերին, և բանակցությունների ժամանակ սկզբում քննարկվելու է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը, որն առաջադրել է ՀԱԿ-ը: Նա ավելացրել է, որ ՀԱԿ-ը պետք է ներկայացնի երկրում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հիմնավորումը:

ՀԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանն իր հերթին հայտնել է լրագրողներին, որ իրենք իշխանություններին բանակցությունների ամենօրյա ձևաչափ էին առաջարկել` հաշվի առնելով գործընթացի կարևորությունը, սակայն իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն առաջարկել են շաբաթական երկու անգամ հանդիպել, և իրենք համաձայնել են:

Հուլիսի 26-ին` իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների միջև երկխոսության շրջանակում աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպման ժամանակ, ընդունվել է առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը:

ՖՈՏՈՇԱՐՔ