Օգոստոսի 18-ին ընթանում է Համահայկական խաղերի չորրորդ մրցութային օրը: Խաղարկային սպորտաձևերում թիմերն արդեն դուրս են եկել իրենց ենթախմբերից:
Ֆուտբոլի ակադեմիայում մրցեցին Բուենոս-Այրեսի և Մոնրեալի թիմերը: Առաջին խաղակեսում թիմերին այդպես էլ չհաջողվեց բացել հաշիվը, երկրորդում ավելի հաջող խաղացին արգենտինյան մարզիկները: 5 րոպեի ընթացքում նրանք երկու գնդակ ուղարկեցին հակառակորդի դարպասը և հաղթանակ գրանցեցին:
Արգենտինյան պատվիրակության անդամ Դանիել-Հակոբ Ռզյանի խոսքով, իրենց թիմը շատ հաջող ելույթ է ունենում և առաջին տեղը զբաղեցնելու հույս ունի: «Մենք լավ ենք պատրաստվել առաջնությանը և ուրախ ենք, որ յուրաքանչյուր խաղում հաջողվում է հաղթանակել, ինչի շնորհիվ մենք մոտենում ենք եզրափակչին»,- ասաց Ռզյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:
Մոնրեալի ֆուտբոլիստ Զարե Շահինյանը նշեց, որ իրենց թիմն իր առջև պարտադիր հաղթելու նպատակ չի դրել, կարևորը հայրենիքում լավ ժամանակ անցկացնելն ու հետաքրքիր մարդկանց հետ ընկերանալն է:
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում Ստեփանակերտը 3:0 հաշվով հաղթեց Չարենցավանին, իսկ Լա Պլատան 0:3 հաշվով զիջեց Թեհրանին: Մնացած հանդիպումները` Բարնաուլ - Երևան, Ստամբուլ - Էջմիածին, Շահին-Շահր և Գյումրի – Երուսաղեմ, դեռևս չեն կայացել: