2 մայիսի 2003 - 23:14 AMT
ԴԵՌԵՎՍ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ԵՎՐԱՍՏԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱսՏԸ) աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը դիտորդի կարգավիճակում այսօրվա դրությամբ նրա համար լավագույն տարբերակն է: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: «Դիտորդի դերում մենք կարող ենք իրազեկ լինել ԵվրԱսՏԸ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին, եւ հետեւել այդ կազմակերպության ներքին մեխանիզմների աշխատանքի արդյունավետությանը»,- ասել է նա: Բացի այդ, փոխնախարարի խոսքերով, Հայաստանը միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնի Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության հետ կապված իր պարտավորությունները: «Ես կարծում եմ, որ ԵվրԱսՏԸ-ն պետք է առայժմ կայանա որպես իրապես գործող կառույց, իսկ նրա 5 անդամներից 4-ը պետք է վերջացնեն ԱՀԿ ինտեգրվելու աշխատանքը, եւ միայն դրանից հետո կարելի է քննարկել Ընկերակցությանը Հայաստանի անդամակցելու հարցը»,- ասել է նա: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Հայաստանին հատկացվել է ԵվրԱսՏԸ-ին կից դիտորդի կարգավիճակ: