Սեպտեմբերի 16-18-ը Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «ՏՀՏ լիդերների հանդիպում»-ֆորումը, որի ընթացքում կքննարկվի ՀՀ նախագահին ներկայացվելիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարեփոխումների առաջարկությունների փաթեթը` հիմք ընդունելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 2-ին կայացած հանդիպման արդյունքները:
Հանդիպում-ֆորումի օրակարգում են հետևյալ թեմաները`Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի բարեփոխման հայեցակարգի քննարկում, ՀՀ նախագահի հովանու ներքո տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման ծրագրի նախագծի քննարկում, վերոհիշյալ ծրագրերի շուրջ դոնոր կազմակերպությունների ժողով և նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիայի հիմնադիր համագումար։
Ֆորումին կմասնակցեն ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ՏՀՏ շուրջ 70 ընկերությունների, նորաստեղծ ձեռնարկությունների ղեկավարներ:
Հանդիպում-ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: