17 սեպտեմբերի 2011 - 13:36 AMT
Լևոն Ջուլֆալակյանը հուսով է, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշները դեռ կկարողանան Օլիմպիադայի ուղեգրեր նվաճել

«Ստամբուլի աշխարհի առաջնությունում ես ավելին էի ակնկալում տղաներից, սակայն, կարծում եմ, նրանք նորմալ են հանդես գալիս: Ռոման Ամոյանն ու Յուրի Պատրիկեևը աննշան սխալներ թույլ տվեցին՝ զրկվելով մեդալներից: Ես շատ գոհ եմ երիտասարդ ըմբիշ Արթուր Ալեքսանյանի ելույթից, որը շատ մոտ էր մեդալի կամ ուղեգրի նվաճմանը: Մեր ըմբիշներից մրցավարների որոշման պատճառով մեդալից զրկվեց միայն Ալեքսանյանը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է Հայաստանի հավաքականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:

Աշխարհի առաջնությունում, որտեղ խաղարկվում էին նաև Օլիմպիական խաղերի ուղեգրեր, միակ մեդալը նվաճեց Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Արսեն Ջուլֆալակյանը: Մինչև 74 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշը նվաճեց բրոնզե մեդալն ու ապահովեց իր մասնակցությունը 2012թ. Օլիմպիական խաղերին:

«Ես գոհ եմ նաև Վահան Ջուհարյանի ու Արսեն Ջուլֆալակյանի ելույթներից: Արսենն իր բոլոր մենամարտերը բարձր մակարդակով անցկացրեց և ընդամենը մեկ վայրկյանով թուլացրեց պայքարը թուրք Սելջուկ Չեբիի հետ մենամարտում, և դա նրա համար վճռորոշ դարձավ: Սակայն, բոլոր դիտորդները նշեցին, որ Արսենն իր մրցակցից ավելի ուժեղ էր երևում»,-ասել է Հայաստանի հավաքականի մարզիչը:

Ջուլֆալակյանը զիջեց Չեբիին նաև Մոսկվայում 2010թ. աշխարհի առաջնության եզրափակչում, երբ թուրք մարզիկը արգելված յուղեր էր օգտագործել: «Ես ակնկալում էի, որ մեր ըմբիշները կկարողանան ուղեգրեր նվաճել վարկանիշային մրցաշարերում, որոնք մեկնարկում են 2012թ. ապրիլին»,-ասել է Ջուլֆալակյանը:

Ստամբուլում աշխարհի առաջնությունում հայ մարզիկների համար վիճակահոնությունն անհաջող էր, բոլոր 7 ըմբիշները մրցումները սկսեցին որակավորման փուլից: «Վիճակահանությունից շատերն էին դժգոհ, քանի որ այն ֆիկտիվ էր: Բոլորն էին տեսնում , որ ադրբեջանցի ու թուրք ըմբիշները հանդիպում էին թույլ մրցակիցների հետ»,-ասել է Ջուլֆալակյանը:

Թուրքերին օգնեց այն, որ առաջնությունն անցնում էր նրանց երկրում, իսկ ադրբեջանցիների համար առավելությունն այն է, որ Ataholding ադրբեջանական ընկերությունը FILA-ի հետ 6 մլն դոլարի պայմանագիր է կնքել 2013-2016թթ. համար: