ԱՄՆ հայ համայնքում անցկացված հարցման հիման վրա Armenian Life-ը ներկայացրել է 20 տարվա անկախության ընթացքում Հայաստանի Հանրապետության ձեռքբերումների և ձախողումների տասնյակը:
Ինչպես նշել է ամսագրի խմբագիր Ապպո Ջաբարյանը, իրենք փորձել են ներկայացնել հարցման արդյունքները, որպեսզի ակտիվացնեն Հայաստանի անկախության 20-ամյակի տոնումը համայնքի ներկայացուցիչների շրջանում:
Հարցման արդյունքների համաձայն, անկախ Հայաստանի ձեռքբերումների առաջին եռյակում հայտնվել են անկախության ռազմավարական նշանակությունը, այն է՝ դաշինքների ստեղծումը տարբեր երկրների հետ, անվտանգության համակարգի ստեղծումն ու հաղթանակն Արցախյան պատերազմում: Ձեռքբերումների տասնյակում տեղ են գտել նաև տնտեսական զարգացումը, ինչպես նաև բնապահպանության վերածնումը երկրում:
Հայ համայնքի ներկայացուցիչները չեն մոռացել նաև մշակութային ձեռքբերումներն ու կենսամակարդակի աճը երկրում:
Դրա հետ մեկտեղ անկախ Հայաստանի կառավարության ձախողումների մեջ, սփյուռքի ներկայացուցիչների կարծիքով, մտել են կոռուպցիայի բարձր մակարդակը և անարդյունավետ արտաքին քաղաքականությունը: Հարցվածները նշել են նաև, որ բնապահպանության վերածնման հետ միասին նոր էկոծրագրերի ձևավորման տեսակետից 90-ականների սկզբին էկոլոգիական պայմանները վատթարացել են, մասնավորապես՝ կանաչ տարածությունների պահպանության ապահովման ոլորտում:
Բացի դրանից, հարցվածներն ընդգծել են սփյուռքի հետ կապերն ակտիվացնելու՝ հայկական իշխանությունների անընդունակությունը: Մեծամասնության կարծիքով, իշխանությունները կարող էին առավել նպաստել երկրի սոցիալական և քաղաքական կյանքում սփյուռքի համայնքների ինտեգրմանը:
Ձախողումների ևս մեկ կարևոր կետ է դարձել բարոյական անկումը, որը նշանավորվել է արտագաղթի մեծ ալիքով: Ավելին, օլիգարխիան և սուր սոցիալական անհավասարությունը բերում են հայրենասիրական մտքի և հասարակության միասնության վերացմանը, գտնում են ԱՄՆ հայ համայնքում: