20 սեպտեմբերի 2011 - 15:39 AMT
Սեպտեմբերի 21-ին մետրոն կաշխատի մինչև ուշ գիշեր

Երևանի մետրոպոլիտենը վաղը կաշխատի առավոտյան 6։30-ից մինչև ուշ գիշեր՝ ժամը 2-ը։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Երևանի մետրոպոլիտենում։

«Քաղաքացիները զանգում, հարցնում են՝ կանգնելու է մետրոն Հանրապետության հրապարակի կայարանում, թե ոչ։ Հատուկ շեշտում ենք, որ կանգառ լինելու է, մետրոպոլիտենը աշխատելու է իր նորմալ ռեժիմով»,- ասացին մետրոպոլիտենից։

Նաև նշեցին, որ անհրաժեշտության և կայարաններում մարդկանց կուտակումների դեպքում երեկոյան ժամերին մետրոպոլիտենը կաշխատի առավել ինտենսիվ։

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից 14.00-ը դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում. Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ-Նովայի պողոտա, Թումանյան փողոց:

Տոնական միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 24.00-ն, Հանրապետության հրապարակի մուտքերը փակ են լինելու: