20 սեպտեմբերի 2011 - 21:51 AMT
Շվիդկոյի համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ ուրախ է Երևանում ողջունել Միխայիլ Շվիդկոյին` հատկապես Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի տոնակատարությունների օրերին: Ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու գործում երկուստեք կարևորվել է մշակութային կապերի պահպանումն ու անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, նաև` երկու երկրներում բարձր մակարդակով մշակութային միջոցառումների անցկացումը:

ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Միխայիլ Շվիդկոյը շնորհավորել և բարեկեցություն ու բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին` նշելով, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Հայաստանում, իր հայ բարեկամների կողքին: