Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:
Այն սկսվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որին ներկայացված էին ճանաչված լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի և Ազատ Մանուկյանի` վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները: Ցուցահանդեսը բացեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Ցուցահանդեսից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ և նշեց, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլև միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Այնուհետև Հայաստանի դեսպանը հրապարակեց Վրաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգևատրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով և շնորհակալագրերով:
Առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվեց համերգով, որի ժամանակ Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների և համույթների կատարմամբ հնչեցին ՀՀ օրհներգը, հայկական հայրենասիրական և ժողովրդական երգեր, հաղորդում է :