Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիչարդ Ֆալկն աջակցել է Պաղեստինի անկախության ճանաչմանը, գրում է Agence France-Presse-ը:
«44 տարի շարունակ պաղեստինցիները տառապում են Իսրայելի լծի տակ Արևմտյան ափին, Գազայում և Արևելյան Երուսաղեմում»,-հայտարարել է նա՝ հորդորելով Իսրայելին ականջալուր լինել միլիոնավոր մարդկանց կամքին:
«Պաղեստինի պետական կարգավիճակը ուղղակի խորհրդանիշ չէ: Այն հնարավորություն կտա Պաղեստինին ունենալ իրավունքներ և պարտավորություններ միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Ֆալկը:
Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:
2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»: