23 սեպտեմբերի 2011 - 18:14 AMT
Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում հավաքվել էին բարձրաստիճան հյուրեր՝ նշելու ՀՀ անկախության տարեդարձը

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 21-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի ունեցավ հոբելյանական ընդունելություն:

Ընդունելությանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի և կառավարության ղեկավարներ և անդամներ, Աթենքում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, միջազգային, մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, գործարարներ, լրագրողներ, ինչպես նաև հունահայ համայնքային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պետական օրհներգերը, որի ժամանակ պատվի էին առել Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները:

Ապա ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով ամփոփ ներկայացրեց անցած 20 տարիներին Հայաստանի ձեռքբերումներն ու հաջողությունները` շեշտելով դրանց ամրապնդման կարևորությունը և Հայաստանի էլ ավելի հզորացման հրամայականը, անդրադառնալով նաև հայ-հունական հարաբերություններին և հունահայ համայնքին: