25 սեպտեմբերի 2000 - 21:58 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 1915թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՐԵՎՄՈԻՏՔԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
«1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձեւը օգտագործվում է որպես քաղաքական նյութ` նոյեմբերին կայանալիք նախագահական եւ Կոնգրեսի ընտրություններին ԱՄՆ-ում բնակվող հայերի ձայները ստանալու համար»:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Հիքմետ Սամի Թուրքը Ստամբուլում կայացած մամլո-ասուլիսին:
«Օրենսդրական մարմինները չեն կարող պատմական իրադարձություններին վերաբերող որոշումներ ընդունել: Այդ բանաձեւում տեղ գտած հայտարարությունները կանխակալ են եւ սուբյեկտիվ: Պատմաբանները չեն աջակցում այդ պահանջներին: Այդ իսկ պատճառով, Թուրքիան պետք է բացի իր արխիվները պատմաբանների առջեւ` դրանք ուսումնասիրելու համար», - ասել է նախարարը:
Սամի Թուրքը նաեւ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունի բանաձեւը, Հայաստանը կպահանջի 1,5 միլլիոն սպանված հայերի դիմաց կոնտրիբուցիա եւ 2500 տարի ընթացքում հայերին պատկանող հողերի վերադարձում: Սակայն, նախարարի խոսքերով, Թուրքիան չի բավարարի այդ պահանջներից ոչ մեկը:
«Քանի դեռ այս հարցի վերաբերյալ գոյություն ունի նման մոտեցում, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չի կարող լինել բարիդրացիական հարաբերություններ: Եթե ԱՄՆ ճանաչի ցեղասպանությունը, դա կվնասի Թուրքիայի եւ Ամերիկայի հարաբերություններին: Բանաձեւը կվնասի նաեւ Թուրքիայի հարաբերություններին ՆԱՏՕ-ի եւ ամբողջ Արեւմուտքի հետ: Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը ճիշտ որոշում կկայացնի: Հակառակ դեպքում, Թուրքիան կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը: