26 սեպտեմբերի 2011 - 15:58 AMT
Ադրբեջանական էներգառեսուրսների հարցը կախված է ղարաբաղյան խնդրի կարգավորումից

«Եթե ՌԴ-ն լուծի Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը կհրաժարվի ԵՄ ծառայություններից էներգառեսուրսների դիվերսիֆիկացման հարցում»,-ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռուստամ Մամեդովը, հայտնում է «Նովոստի-Ազերբայջանը»:

«Բաքուն դեռ չի ստորագրվել Nabucco նախագծի տակ, իսկ պատճառն այն է, որ դեռևս Ադրբեջանը պայքարում է Ռուսաստանի օգնությամբ ղարաբաղյան արդարացի կարգավորմանն հասնելու համար»,-ասել է Մամեդովը:

Սակայն, Մոսկվան, իր հերթին «դեռ չի շտապում այդ հարցում»: Նա ցանկանում է վստահ լինել, որ մերձկասպյան երկրները չեն սկսի ինքնուրույն գործել միջազգային ասպարեզում նավթագազային նախագծերի հարցում, հավելել է նա:

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ադրբեջանի ու Թուրքմենստանի հետ ԵՄ բանակցություններին՝ Տրանսկասպյան գազատարի կառուցման վերաբերյալ իրավական ուժ ունեցող պայմանագիր կնքելու համար:

Այդ կապակցությամբ իր տարակուսանքն է հայտնել ՌԴ ԱԳՆ-ն՝ համարելով, որ դա կարող է բարդացնել իրավիճակը տարածաշրջանում:

Դրան արձագանքեց Բրյուսելը՝ ի դեմս էներգետիկայի գծով եվրահանձնակատար Էթթինգերի խորհուրդ տալով Մոսկվային «չխանգարել այդ նախագծին, որը Nabucco-ի բաղկացուցիչ մասն է հանդիսանում»:

«Այս իրավիճակում իր պահանջները կներկայացնի Իրանը: Արդյունքում կբախվեն ՌԴ-ն ու ԵՄ-ն: Փաստորեն, Եվրամիությունը բացահայտ վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին: Կարծում եմ, Ռուսաստանն այլ ելք չունի՝ պետք է զիջի»,-ասել է Մամեդովը: