Հոկտեմբերի 14-ին Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոնում, ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և «Հայ-ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «ՈՍԿԵ ՇԵՐԵՓ» հայկական ճաշատեսակների փառատոն: Այդ մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:
Փառատոնի նպատակը հայկական ավանդական խոհանոցի պահպանումն ու տարածումն է, Սփյուռքում գործող հայկական խոհարարական դպրոցների և խոհարարների մասնագիտական հմտությունների փոխադարձ ճանաչումը և փոխանակումը, համահայկական խոհարարական ընկերակցության ստեղծումը:
Հոկտեմբերի 14-ին փառատոնի մասնակիցները «Կոնգրես» հյուրանոցում կմասնակցեն Հայ խոհարարների համահայկական համաժողովին, որի արդյունքում կստեղծվի «Հայ խոհարարների համահայկական ընկերակցություն»:
Համաժողովում կքննարկվի և կհաստատվի Հայ խոհարարների համահայկական ընկերակցության կանոնադրությունը, կձևավորվեն ընկերակցության կառուցվածքային ստորաբաժանումներն ու համապատասխան կազմը, կընդունվի համաժողովի ուղերձ-հայտարարությունը: