
Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը երկու հայց է ներկայացրել ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, Վանաձորի համայնքի ավագանու և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի:
Հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, ինչպես նաև դրանց հիման վրա կնքված պայմանագրերը:
Համաձայն նշված որոշումների, ՀՖՖ-ն պարտավորորություն էր ստանձնել Վանաձոր քաղաքում կառուցելու ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզական համալիր, ինչպես նաև երեք տարվա ընթացքում ամբողջությամբ վերակառուցելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու Վանաձորի մարզադաշտը, որն այս պահին գտնվում է անմխիթար վիճակում:
«Անընդունելի համարելով ՀՖՖ դեմ ներկայացված հայցն, պաշտոնապես հայտարարում եմ, որ Լոռու մարզում ՀՖՖ կողմից ծրագրված մեծածավալ աշխատանքների հնարավոր ձախողման ողջ պատասխանատվությունը այսուհետ ընկնում է նման դատական գործընթաց ձեռնարկած սուբյեկտների վրա»,- ասել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: