19 հոկտեմբերի 2011 - 15:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տրանսպորտի նախարարը քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների մատուցման հարցը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի մոտ հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների և անհատների խնդիրներին վերաբերող խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության ոլորտի պատասխանատուները, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության ղեկավարությունը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Քաղաքացիական դիրքորոշում և ակտիվ հասարակություն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանը և անհատ տաքսու վարորդներ:

«Արմենիա միջազգային օդանավակայններ» ընկերության պատասխանատուները ներկայացրել են իրենց դիտարկումները խնդրի վերաբերյալ և նշել, որ ուղևորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով փորձում են կանոնակարգել դաշտը: Գ.Դոստուրյանը մտահոգություն է հայտնել, որ անհատ տաքսի ծառայություն մատուցողները հնարավորություն չեն ունենա օդանավակայանի տարածքում զբաղվել ուղևորների սպասարկմամբ:

Նախարար Մ.Վարդանյանն ամփոփելով քննարկումը հանձնարարել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել համապատասխան կարգ, որտեղ կներկայացվեն օդանավակայանի տարածքում տաքսի ծառայություն մատուցելու համար հայտարարվելիք մրցույթի բոլոր պայմանները և պահանջները, ինչպես նաև տաքսի ծառայություն մատուցող մնացած ընկերություններին և անհատներին առաջարկվող պայմանները, հաղորդում է տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ