Գերտերությունները համաձայն են հանդիպել Թեհրանի հետ, եթե «վերջինս պատրաստ է լուրջ բանակցությունների»: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը Իրանի ղեկավարությանը հղած իր նամակում, որը հրապարակել է «Ռոյթերս» գործակալությունը:
«Աշխատելով վերսկսել բանակցությունները՝ չափազանց կարևոր է ձգտել կոնկրետ արդյունքների»,-գրել է Էշթոնը միջուկային հարցով բանախոս Սաիդ Ջալիլիին:
«Մենք պետք է վստահ լինենք, որ երբ նորից հանդիպենք, կկարողանանք իրական առաջընթացի հասնել միջուկային հարցում»,-ասել է նա:
Ըստ Էշթոնի, Իրանը պետք է հանդիպի վեցնյակի երկրների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի ու Չինաստանի հետ:
Ավելի վաղ Ջալիլին նամակ էր հղել Էշթոնին, որտեղ Իրանի պատրաստակամությունն էր հայտնվում բանակցությունների նոր փուլ անցկացնել՝ հավելելով, որ Թեհրանը չի հրաժարվի իր «միջուկային իրավունքներից»: