15 օգոստոսի 2000 - 17:32 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ HALO TRUST ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԲԱՂՎՈՒՄ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ
15.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.HALO Trust միջազգային կազմակերպության հասցեին Ռուսաստանի անվտանգության ծառայության մեղադրանքների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղում նրա առաքելության ղեկավար Սայմոն Փորթերը ՄԵԴԻԱՄԱՔՍԻ թղթակցին հայտարարել է, որ HALO Trust-ը զբաղվում է բացառապես ականային դաշտերի հետազոտմամբ եւ երբեք օգնությամբ չի դիմել հետախուզական ծառայություններին եւ չի փոխանցել նրանց որեւե տեղեկություններ:
Նա ընդգծել է, որ HALO Trust-ի դեմ մեղադրանքները անհիմն են: Սայմոն Փորթերի խոսքերով, կազմակերպության հասցեին նման մեղադրանքներով հանդես է եկել նաեւ Ադրբեջանը, երբ 1995-1996թթ-ին ընկած ժամանակահատվածում HALO Trust-ը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծմամբ եւ նախապատրաստում փորձագետ-ականորդներներ:
Ընթացիկ տարվա մարտին HALO Trust-ը վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Կազմակերպության ներկայացուցիչները համագործակցում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ինժեներա-սակրավորների գումարտակի, ինչպես նաեւ հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության հետ, ասել է Փորթերը:
HALO Trust-ը մտադիր է մնալ Լեռնային Ղարաբաղում մինչեւ 2001 թվականի հունվարի վերջը: Սայմոն Փորթերը ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ հայտնել է նաեւ, որ բավարար միջոցներ հայթայթելու դեպքում կազմակերպությունը պատրաստ է երկարացնել Լեռնային Ղարաբաղի իշխանություների հետ իր պայմանագիրը: --0-