1 նոյեմբերի 2011 - 16:37 AMT
Մրցույթ է հայտարարվում գիտական լրագրողների համար՝ առաջնությունը կտրվի տիեզերական թեմաներին

Հայկական աստղագիտական ընկերությունը (ՀԱԸ, ArAS) Օքսֆորդի հայկական գիտական ընկերության (OxArm) հետ համատեղ, նպատակ ունենալով խրախուսել գիտական թեմաներով լրագրողական հրապարակումները, սահմանել է տարեկան մրցանակներ լավագույն գիտական լրագրողների համար` առաջնությունը տալով տիեզերական թեմաներով հրապարակումներին: Այս մասին հայտնում են ՀԱԸ-ից։

Սահմանված են հետևյալ մրցանակները՝ մամուլի լավագույն օնլայն հրապարակում, լավագույն ռադիո/հեռուստահաղորդում, ամենաակտիվ լրագրող, լավագույն աստղագիտական լուսանկար։

Մրցույթին հաշվի են առնվելու 2011թ. ընթացքում տպագրված նյութերը, հեռարձակված հաղորդումները և կատարված լուսանկարները, որոնք անհրաժեշտ է ներկայացնել մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ: Ներկայացված աշխատանքներն այս կամ այն կերպ պետք է առնչվեն տիեզերական թեմաներին:

Արդյունքները կամփոփվեն և մրցանակները կհանձնվեն դեկտեմբերի 19-ին` ՀԱԸ տարեկան ժողովի ընթացքում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերը տպագիր և էլեկտրոնային տարբերակներով ուղարկել կամ անձամբ ներկայացնել ՀՀ ԳԱԱ նախագահություն և ցանկալի է տեղադրել նաև գիտական լրագրության ֆեյսբուքյան էջում, որտեղ արված գրառումները և մեկնաբանությունները նույնպես հաշվի կառնվեն ժյուրիի կողմից հաղթողներին որոշելիս:

Ամենաակտիվ լրագրողի մրցանակի համար անհրաժեշտ է ներկայացնել առնվազն 5 հրապարակում և/կամ հեռարձակում: Այդ մրցանակին կարող են հավակնել նաև գիտական լրագրության օգտին որևէ կազմակերպական գործունեություն ծավալած լրագրողները: Լավագույն աստղագիտական լուսանկարի մրցանակին կարելի է ներկայացնել երկնային երևույթի, աստղադիտարանի կամ որևէ աստղագիտական միջոցառման լուսանկարներ:

Յուրաքանչյուր մրցանակ բաղկացած է ՀԱԸ/OxArm կողմից տրվող հավաստագրից, 30 000 ՀՀ դրամ պարգևից և Science, Nature կամ New Scientist հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերից որևէ մեկի տարեկան բաժանորդագրությունից: Որպես հատուկ մրցանակներ կտրվեն նաև սիրողական աստղադիտակներ: Բացի այդ, լավագույն աշխատանքները կտեղադրվեն նաև ՀԱԸ ևOxArm համացանցային կայք-էջերում: