Նոյեմբերի 1-ից 5-ը Մոսկվայում անցկացվում է «Ունիվերսալ մարտերի» աշխարհի առաջնություն, որին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Ռյազանի օդադեսանտային ուսումնարանի սան, 1992 թ. ծնված, 60 կիլոգրամ քաշային Մեսրոպ Մկրտչյանը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայից:
Մոսկվայում աշխարհի առաջնության ժամանակ ելույթ կունենան ավելի քան չորս տասնյակ երկրների մարզիկներ: Light contact-ի մրցությունները տեղի կունենան նոյեմբերի 2-3, իսկ նոյեմբերի 4-ին և 5-ին կորոշվեն full contact-ի հաղթողները, որտեղ մարզիկները ցույց կտան արդեն ողջ թույլատրված հարվածային տեխնիկան` օգտագործելով ցավային և խեղդող հնարքներ:
«Ունիվերսալ մարտերը» (կրճատ` Ունիմարտ) երիտասարդ մարզաձև է, ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, սակայն արագորեն տարածում է գտնում և արդեն անցկացվում են Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ ու մի շարք միջազգային մրցաշարեր: Գոյություն ունի նաև «Ձմեռային ունիվերսալ մարտեր», ուր ներառված է նաև դահուկավազք, իսկ ձեռնամարտն անցկացվում է ձյան վրա:
Ունիվերսալ մարտերի հայկական ֆեդերացիան ստեղծվել է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի հիման վրա, ֆեդերացիայի նախագահն է Լևոն Հայրապետյանը: