Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Նիդերլանդների Ներքին գործերի նախարարության Վերադարձի և մեկնման ծառայության հրավերով Հաագայում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը` Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև միգրացիայի ոլորտի պատասխանատուները ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Նիդերլանդների Ներքին գործերի նախարարության Վերադարձի և մեկնման ծառայության գլխավոր տնօրեն Ռոդիա Մաասի, Իմիգրացիայի հարցերով գլխավոր տնօրեն Լոյս Մուլդերի, Իմիգրացիայի և հպատակեցման ծառայության գլխավոր տնօրեն Ռոբ վան Լինթի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին միգրացիայի ոլորտում հայ-հոլանդական համագործակցությանը վերաբերող բազմաբնույթ հարցեր:
Հոլանդական կողմը բարձր գնահատեց Հայաստանի հետ այս ոլորտում ձևավորված օրինակելի համագործակցությունը, հայկական կողմի բաց ու կառուցողական դիրքորոշումը, ծագած խնդիրներին համապարփակ և մարդու իրավունքներից բխող լուծումներ տալու մոտեցումը, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում հատկապես անկանոն միգրացիայի դեմ պայքարի ուղղությամբ երկուստեք գործադրված ջանքերի վրա:
Հայկական կողմն իր հերթին կարևորեց տարիների ընթացքում ձևավորված համագործակցային դաշտի պահպանումը, խորացումն ու ընդլայնումը` հաշվի առնելով Հայաստանի` ԵՄ հետ այս ոլորտում վերջին զարգացումները. օրերս ստորագրված Շարժունակության շուրջ գործակցության համաձայնագիրը, ԵՄ Ասոցիացման համաձայնագրի շուրջ և ԵՄ հետ արտոնագրային ռեժիմի դյուրացմանն ուղղված բանակցությունները: