4 նոյեմբերի 2011 - 11:53 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել իրավապաշտպանի ձերբակալությունը Թուրքիայում

Չնայած մարդու իրավունքների պաշտպանությանը և Թուրքիայի իրավախախտումների դատապարտմանը, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուի ձերբակալությունը: Պատասխանելով լրագրողի հարցին ԱՄՆ դիրքորոշման մասին՝ Պետդեպարտամենտի մամլո ծառայության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այդ միջադեպը:

«Մենք չենք մեկնաբանի առանձին դեպքերը մինչ դատավարությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Թուրքիայում մարդու իրավունքների և խոսքի ազատության մոլի պաշտպան է:

Իրավապաշտպան, հասարակական գործիչ և «Բելգե» հրատարկչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն ձերբակալվել է թուրք իրավապաշտպան մարմինների կողմից հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Նրան մեղադրում են քրդական հակակառավարական կազմակերպություններին աջակցելու մեջ:

Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավական պաշտպանությամբ: