Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին:
Նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Եվրոպական բանկի գործունեությունը, որն ուղղված է երկրի տնտեսական աշխուժության ապահովմանը և նպաստում է առաջընթացին:
Հանրապետության ղեկավարը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության խորացումը` հույս հայտնելով, որ բանկի փոխնախագահ Յան Ֆիշերի այցը ևս կնպաստի փոխգործակցության զարգացմանը:
ՎԶԵԲ փոխնախագահն իր հերթին նախ շնորհավորել է ՀՀ նախագահին` Հայաստանի անկախության հռչակման 20-ամյակի առթիվ. «Սա նաև Եվրոպական բանկի հետ հաջող համագործակցության քսան տարին է: Շատ դրական եմ գնահատում Հայաստանում վերջին ժամանակահատվածում իրականացված բարեփոխումները, որոնք նպաստում են երկրի տնտեսական բարեփոխումների առաջխաղացմանը և գործարար միջավայրի բարելավմանը»,- ասել է Յան Ֆիշերը:
ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Երևան է ժամանել Հայաստանի համար եռամյա` 2012-2015թթ. ՎԶԵԲ-ի ռազմավարության մշակման, համագործակցության առաջնահերթությունները քննարկելու համար: Նա վերահաստատել է բանկի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցությունը բարեփոխումներին: