Եվրոպայի շախմատի առաջնության երրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Գերմանիայի հետ: Հայ շախմատիստուհիները 4,5 միավոր են վաստակել և 9-րդ տեղում են, իսկ գերմանուհիներն իրենց հաշվում 5,5 միավոր ունեն և մրցաշարային աղյուսակում 6-րդ տեղն են զբաղեցնում:
Առաջին տախտակին Էլինա Դանիելյանը կհանդիպի Էլիզաբեթ Պայեչի հետ: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը կլինի Մարթա Միչնան, Մարիա Կուրսովայինը` Մելանիա Օհմեն: Չորրորդ տախտակին Նելլի Աղինյանը կխաղա Սառա Հուլթի հետ:
Առաջնությունն ընթանում է 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Կանանց առաջնությանը մասնակցում է 28 հավաքական:
Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: