Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականն իր հերթական հաղթանակն է տարել, այս անգամ` Իսպանիայի հավաքականի նկատմամբ:
Հայկական ընտրանուն հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը, որը չորրորդ խաղատախտակին առավելության է հասել Լուիս Մարտինես Արիսմենդիի հանդեպ:
Մյուս շախմատիստները ոչ ոքի են խաղացել. Լևոն Արոնյանը կիսել է միավորները Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Իվան Լոպես Սալգադոյի, իսկ Վլադիմիր Հակոբյանը` Միգել Կորդոբա Իլլիեսկասի հետ: Հայաստանը հաղթանակ է գրանցել 2,5:1,5 հաշվով:
Հաղթանակից հետո հայ շախմատիստները 9 միավորով 4-րդ տեղն են բարձրացել: Մրցաշարի առաջատարը Ռումինիայի հավաքականն է, որը 10 միավոր ունի:
7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հավաքականի հետ:
Առաջնությունն ընթանում է 9 տուրից բաղկացած շվեյցարական համակարգով: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 38 հավաքական, կանանց առաջնությանը` 28:
Ժամանակի հսկողությունը 90 րոպե է 40 քայլի համար, այնուհետև` 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` գումարած 30 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար` սկսած առաջինից: Պարտիաները տեղի կունենան նոյեմբերի 3-11-ը: