15 նոյեմբերի 2011 - 18:48 AMT
Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հյուրին և բարձր գնահատելով Հայաստանում Յիրիկյանի գործունեությունը` Հրանուշ Հակոբյանը նշել է, որ այն Հայրենիքում սփյուռքահայի կողմից գործարարությամբ զբաղվելու, ներդրումներ կատարելու լավագույն օրինակներից է: Նախարարը նշել է նաև Ռալֆ Յիրիկյանի մարդկային բարձր որակները:

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու, լայնածավալ բարեգործական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով: