Արդեն 2 շաբաթ է, ինչ կրկին վերագործարկվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կայքում գործող Հայաստանի ճանապարհների վիճակի օնլայն քարտեզը։
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը, քարտեզը գործում է հիմնականում սկսած նոյեմբերից մինչև ապրիլ ամիսը, այսինքն, այն ժամանակ, երբ եղանակային պայմանների պատճառով Հայաստանի ճանապարհները կարող են փակվել։
«Նախարարությունն ունի թեժ գիծ, որին զանգահարում են մարզերի ճանապարհաշինարարական կազմակերպությունները և տեղեկացնում ճանապարհներում տիրող իրավիճակի մասին։ Լինում է մերկասառույց, լինում է, որ ճանապարհները փակվում են։ Իսկ եղանակի մասին տեղեկացնում է Հիդրոմետը»,-նշեց Պետրոս Դեմիրճյանը։
Նրա խոսքով, քարտեզը սովորաբար թարմացվում է օրը երկու անգամ՝ առավոտյան ժամը 10-ին, ապա 17։30-ից 18։00 ընկած ժամանակահատվածում։ «Իսկ եթե տեղեկանում ենք, որ իրավիճակը ճանապարհներին փոխվել է, անմիջապես թարմացնում ենք քարտեզը»,-ասաց նա։
Պետրոս Դեմիրճյանի խոսքով, այս տարի «Ճանապարհների վիճակի» քարտեզում ավելացվել են նաև լեռնանցքները, իսկ ընդհանրապես քարտեզում հատուկ նշաններով կարելի է տեսնել, թե որտեղ է ձյուն, անձրև, մերկասառույց, քամի, բուք, մառախուղ, ամպամած, պարզ եղանակ և որտեղ են ճանապարհները փակ։
ՏԿՆ կայքում կարելի է գտնել տեղեկություններ նաև Վրաստանի ճանապարհների վիճակի մասին ՝ հիմնականում Լարսի հատվածի մասին։
Պետրոս Դեմիրճյանի խոսքով, նախարարությունը չի մտածել նման քարտեզ ստեղծել նաև Արցախի ճանապարհների համար։ «Անհրաժեշտության դեպքում կարծում եմ, այս գաղափարը նույնպես կարելի է իրագործել»,-նշեց նա։
Այն հարցին, թե որքանով է հանրությունը տեղյակ օնլայն քարտեզի մասին, որքան հաճա՞խ է դիտում քարտեզը, Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ այցելությունների վիճակագրություն կա, սակայն նախարարությունը մոնիտորինգ չի անում։