ARTE TV ֆրանսիական հեռուստաալիքը 23-րոպեանոց տեսանյութ է պատրաստել Ադրբեջանի իրողությունների մասին: Տեսանյութում հեղինակներն անդրադառնում են Ադրբեջանում տիրող բռնապետության և կաշառակերության հարցերին:
Հեռուստաալիքի կողմից հարցվածներից մեկի խոսքով` հենց բռնապետությունն է երկրի հիմնական խնդիրն ու զարգացման արգելքը:
Այս համատեքստում ընդդիմության ներկայացուցիչներից մեկը նշել է, որ ինքը ստիպված էր լքել երկիրը իշխանությունների կողմից կատարվող հետապնդումների պատճառով: «Այժմ ես բնակվում եմ Ֆրանսիայում, քանի որ մասնակցել եմ մանիֆեստացիաներին»,- նշել է նա:
Նոյեմբերի 9-ին Գերմանիայի Բունդեսթագի Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովն ընդունեց բանաձև, որի համաձայն պաշտոնական Բաքվին կոչ է անում հավատարիմ լինել մարդու իրավունքների կոնվենցիայի սկզբունքներին:
Ադրբեջանական իշխանությունները չեն ճանաչում քաղբանտարկյալների առկայությունը երկրում և արդեն երկու տարի շարունակ ԵԽԽՎ զեկուցողին չեն թույլատրում մուտք գործել Ադրբեջան: Սակայն, ըստ Ադրբեջանի տարբեր իրավապահ կառույցների տվյալների, քաղբանտարկյալների թիվը երկրում կազմում է 25-ից 70 մարդ: