Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում բացվում է Եվրամիության երկրների գագաթնաժողովը, որը երկու օր կտևի, հաղորդում է Եվրախորհրդի մամլո ծառայությունը: Գագաթաժողովի աշխատանքի առաջին օրվա գլխավոր հարցը կդառնա համաեվրոպական պարտքային ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակների շուրջ քննարկումը, որը տեղի կունենա հանդիպման մասնակիցների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ: Ընթրիքին հրավիրված է նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին:
Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում կատարելով ՌԲԿ-ին, պարտքային ճգնաժամի հարցը դիտարկվելու է նաև գագաթաժողովի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին` աշխատանքային նիստի ժամանակ: Կուսումնասիրվեն նաև եվրոպական տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկները: Սպասվում է, որ գագաթաժողովի ժամանակ կստորագրվի Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը և կբարձրացվի Բուլղարիայի և Ռումինիայի` Շենգենյան համաձայնագրի գոտի մտնելու հարցը: Բացի այդ, կարծիքներ կփոխանակվեն Իրանում առկա իրադրության առնչությամբ: