8 դեկտեմբերի 2011 - 12:02 AMT
Հայաստանը կքննարկի հայ-վրացական սահմանի անցակետերի արդիականացումը ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի հետ

Դեկտեմբերի 12-15-ը Հայաստանում կլինի Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը, որոնց ներկայացուցիչների հետ կքննարկվեն հայ-վրացական սահմանի երեք՝ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի հսկիչ անցակետերի արդիականացման հարցը: Դեկտեմեբրի 8-ին կառավարության նիստում այդ մասին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ներդրումների հարցը կքննարկվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ, որպեսզի արդեն 2012թ. առաջին եռամսյակում մեկնարկեն շինարարական աշխատանքները:

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի և Լոռու մարզի Ձորամուտի (գյուղ Գոգավան) գյուղական համայնքների, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի կատեգորիան փոխելու մասին:

Առաջիկա 2 տարում 42 մլն եվրո կներդրվի վերոնշյալ երեք անցակետերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: