
Մանհեթենի դաշնային դատարանը վճռել է, որ Իրանի իշխանություններն օգնել են ահաբեկիչներին նախապատրաստել 2011թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը: Դատարանը նման որոշում է կայացրել պատասխանող կողմի չներկայանալու պատճառով:
Հայցվորները պնդում են, որ Իրանի գերագույն ղեկավարությունը ԱՄՆ դեմ պայքարում գործել է «Ալ-Քաեդայի» հետ համատեղ: Ըստ դատարանի տվյալների, կապը Իրանի իշխանությունների ու «Ալ Քաեդայի» միջև իրականացրել է «Հեզբոլլահի» մարտական գործողությունների համակարգող Իմադ Մուղնիեն: Նա սպանվել է 2008թ.:
Հավանաբար, խոսքը գնում է 2011թ. մայիսին ներկայացված հայցի մասին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքների անունից:
Ավելի վաղ Իրանի ներկայիս նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ չի հավատում, թե սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը «Ալ-Քաեդան» է կազմակերպել:
Հայցում մեղավորների թվում նշվել է նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի անունը, գրում է Լենտա.ռու-ն:
Իրանի հետ «Ալ Քաեդայի» կապերի մասին ենթադրություններ նախկինում ևս արվել են, սակայն, դրանք կասկած են առաջացնում: «Ալ Քաեդան» ծայրահեղական սունիների կազմակերպություն է, որոնք Իրանի շիաներին իսկական մահմեդականներ չեն համարում: «Ալ Քաեդայի» ահաբեկիչները բազմիցս են ահաբեկչություններ կազմակերպել Իրաքի շիաների դեմ: Սունի ահաբեկիչներ գործում են նաև Իրանի տարածքում: