28 դեկտեմբերի 2011 - 13:15 AMT
Մամուն Հարիրի. Սիրիայի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարող նույնը լինել ապստամբներին Թուրքիայի աջակցությունից հետո

Սիրիայի ու Թուրքիայի հարաբերությունները շատ լավ մակարդակում էին, սակայն, դրանք չեն կարող վերականգնվել նույն մակարդակով, այն բանից հետո, երբ Թուրքիան սատարեց սիրիացի ապստամբներին: Նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին:

Ըստ դիվանագետի, բողոքի ակցիաները սկսեցին Ալ-Քաեդայի ահաբեկիչները, որոնք թափանցեցին Սիրիայի տարածք Լիբանանի սահմանով. «Լիբանանը զգուշացրեց մեզ գրոհայինների խմբերի տեղաշարժի մասին: Ուստի մեզ շատ զարմացրեց բարեկամ Թուրքիայի ու Քաթարի արձագանքը, որոնք սատարեցին այդ ուժերին»:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Հարիրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեփական երկրի ներսում քրդերի դեմ ընթացող պատերազմին: «Սիրիային խորհուրդներ տալուց առաջ, Թուրքիան պետք է լուծի իր խնդիրները»:

Հարիրին նաև նշել է, որ նման դիրքորոշում զբաղեցնելով, Թուրքիան հակասում է իր իսկ «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքական կուրսին:

Սիրիայում անկարգությունների մեկնարկից ի վեր թուրքական իշխանությունները բազմիցս են կոչ արել Սիրիային դադարեցնել բռնությունը երկրում: Ավելին, հենց Ստամբուլում են ապստամբները հիմնել Անցումային խորհուրդը, որը համակարգում է բողոքի գործողությունները Սիրիայում: